
Հութիները լուսադեմին «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Կիրակի լուսադեմին Եմենից «երկիր-երկիր» դասի բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում է The Times of Israel-ը՝ մանրամասնելով, որ սա երրորդ դեպքն է, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբներն ակնհայտ հաջողությամբ կարողանում են շրջանցել Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:
Հրթիռի արձակման պատճառով Իսրայելի կենտրոնական հատվածի 112 բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել:
Հրթիռը հարվածել է Բեն Շեմեն անտառի բաց տարածքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել Քֆար Դանիել բնակավայրի մոտ՝ Բեն Գուրիոն օդանավակայանից մի քանի կիլոմետր հարավ-արևելք:
Հութիների ներկայացուցիչ Նասր ալ Դին Ամերը հայտարարել է, որ հարձակումը ցույց է տվել, որ Իսրայելի ամբողջ տարածքը ենթարկվել է օդային հարձակմանը:
«Իսրայելական պաշտպանական համակարգերը ձախողել են, և Եմենի հրթիռը տեղ է հասել Ալլահի շնորհիվ։ Հակառակորդի տարածքի խորքերը հիմա ամբողջովին բաց են մեզ համար։ Նախկինում կիրառվում էին անօդաչու թռչող սարքեր, իսկ այժմ՝ հրթիռներ, և բոլորը տեղ են հասնում առանց որսվելու»,- ասել է նա: