
Հայաստանի կանանց հավաքականը անընդմեջ 4–րդ հաղթանակն է տարել շախմատի 45-րդ օլիմպիադայում

Հայաստանի կանանց շախմատի հավաքականը 4–րդ անընդմեջ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Օլիմպիադայի 4-րդ խաղափուլում կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Վիետնամի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Նշենք, որ առաջին երեք խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0) և Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
ՀՀ տղամարդկանց հավաքականը մրցել է Չինաստանի թիմի հետ: Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենի հետ։
Հանդիպումն ավարտվել է Չինաստանի օգտին 2.5:1.5 հաշվով:
Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1)։