
Դատավորն ու դատախազները զոհեր չեն. նրանք մեղսակիցներ են. Միհրան Հակոբյան

Միհրան հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Ֆարմանյանը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դեմ արդեն 4.5 տարի տևող դատական ֆարսին, նշել է, թե մեղադրող դատախազները և դատավորը նույնպես «իրավիճակի զոհեր են»: Հրապարակային եմ արձագանքում ընկերոջս. ոչ Սամվել ջան, դատախազներն ու դատավորը զոհեր չեն: Իրավիճակում, երբ բլորին ամեն ինչ պարզ է, բոլորը բոլորին գիտեն և բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք մասնակիցներ են ու մեղսակիցներ են: Ոչնչով չեն տարբերվում վերևից հրահանգ իջացնողից ու հավասարապես մեղքի բաժինը կիսում են հրահանգավորողի հետ:
Ընդհանրապես՝ «մեզանից ոչ մի բան կախված չէ», «տուն ենք պահում», «մենք միայն կատարող ենք», «վերևներում հարցերը լուծեք» կարգախոսների տակ թաքնված թափոնը շարքային գողերի հավաքածու է, որը հարկատուի գրպանից աշխատավարձ է ստանում, բայց չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները, այսինքն՝ չի անում այն գործը, որի համար իրեն վճարում են: Հակառակը՝ քայլում է իր աշխատանքային պայմանագրի, երդման, գրված ու չգրված օրենքների վրայով և այդ ամենն արդարացնում է վերը նշված ստոր կարգախոսներով:
Գուրգեն Մահարին «Սիբիրականում» գրում է. «Երբ «Կապիտալի» առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով: – Ի՞նչ եք անում, տղաներ, ինչո՞ւ հեռու չեք նայում, ախր պատմություն կա, պատասխանատվություն կա…- Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին և ասել: – Քանի մենք կանք, պատմությունը չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի»:
Թերևս, ճիշտ էր եժովա-բերիական քննիչը. երբ սովետների երկրում եկավ պարզաջրելու ժամանակը, ռեպրեսիվ ապարատի «տուն պահող» բութ գործիքներն այլևս չկային՝ գնդակահարված էին, նկուղներում էին, լավագույն դեպքում՝ գուլագում փոխարինել էին իրենց երբեմնի զոհերին:
Հիմա էլ այդպես է: Երբ կգա պատմություն գրելու ժամանակը, սրանք չեն լինի իրենց այսօրվա տեղերում և «տուն պահելու» գինը մինչև վերջ վճարած կլինեն: Չկասկածեք:
Այդպիսին է պատմության, պատմականության և սրիկայության վերջաբանի օրենքներն ու օրինաչափությունները: Մարդկության պատմության փորձը վկա:
Հ.Գ. Տե’ր, Չներես սրանց, քանզի Գիտեն, թե Ինչ են անում»: