Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023թ. ցուցանիշները
Աշխարհում 2024 թվականին թռչնագրիպի դեպքերի թիվն արդեն կրկնակի գերազանցում է 2023 թվականի ցուցանիշները։ Այժմ գրանցված է 25 դեպք, այդ թվում՝ մահվան երկու դեպք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին:
«Աշխարհում 2023 թվականին գրանցվել է վարակման 12 դեպք, 4-ը` մահվան ելքով, 2024 թվականին՝ 25 դեպք, որից 2-ը՝ մահվան ելքով», – զեկույցում նշել է ՌԴ առողջապահության նախարարության Ա. Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Դմիտրի Լիոզնովը:
Նա ընդգծել է, որ նոր համավարակն անխուսափելի է, և չի կարելի բացառել, որ դա կլինի գրիպի համավարակ։
Փորձագետի խոսքով՝ թռչնագրիպը Ռուսաստանում շրջանառվող հիվանդություն դառնալու մեծ հավանականություն ունի։Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան հայտնել էր, որ Ռուսաստանում թռչնագրիպի տարածման ռիսկը շարունակում է մնալ շատ բարձր։
Անցած տասնամյակի վերջին աշխարհում տեղի են ունեցել թռչնագրիպի և խոզի գրիպի բռնկումներ, որոնց հետևանքով մի քանի հազար մարդ է մահացել։
Առայժմ այդ վիրուսները չեն առաջացրել հզոր համաճարակներ, որոնք մահաբերությամբ համեմատելի են 1918 թ. «իսպանական» գրիպի հետ, ինչը պայմանավորված է խոզի գրիպի և թռչնագրիպի դեպքում օդակաթիլային ճանապարհով տարածվելու և մարդկանց թոքերի բջիջներում արդյունավետ բազմանալու ունակության բացակայությամբ:
Գիտնականներն այժմ ակտիվորեն ուսումնասիրում են, թե երբ և ինչպես այս վիրուսները կկարողանան ձեռք բերել նման հատկություններ: