Հայերը շատ խելացի մարդիկ են և շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այդ մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

«Լավ կլիներ, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ, ինչպես նախկինում էր։ Հավատացեք, սա բացարձակապես մեր մեղքը չէ: Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ինչպես ամենամոտ մարդկանց հետ, ամեն կերպ օգնել ենք։ Բայց, ինչպես տեսնում եք, ուզում են գնալ Արևմուտք, ԵՄ», – ասել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ Բելառուսը դեմ չէ Արևմուտքի հետ համագործակցությանը, սակայն հիշեցրել է, որ ԱՄՆ-ում նոր իշխանությունների գալու հետ մեկտեղ փոխվելու է այդ երկրի քաղաքականությունը:

Լուկաշենկոն հորդորել է, ամեն դեպքում, չկորցնել այն, ինչ Հայաստանն արդեն ունի ավանդական գործընկերների հետ համագործակցությունից։

«Ամեն ինչ կարող է պատահել. Բայց մի կորցրեք այն, ինչ ունեք»,- խորհուրդ է տվել նա:

«Ի՞նչ եք կարծում, Հայաստանին ինչ-որ տեղ սպասո՞ւմ են։ Ո՛չ մեզ, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ուկրաինային ոչ ոք չի սպասում։ Ամեն մեկն իր հարցերով է զբաղված։ Եվ նրանք ցանկանում են իրենց խնդիրները լուծել ուրիշների հաշվին»,- նշել է Բելառուսի նախագահը։

Նա հավելել է, որ «հայերը շատ խելացի մարդիկ են ու շուտով կհասկանան, թե որտեղ է իրենց երջանկությունը»։

Տեսանյութեր

Լրահոս