Իրանի նախագահն Իրաքում կոչ է արել ԵՄ-ի օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր իրաքցի գործընկեր Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրամիության օրինակով ջնջել իսլամական երկրների միջև սահմանները։ Այս մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Նախագահը մատնանշել է երկու երկրների փոխհարաբերությունների վաղեմի պատմությունը և ընդգծել իսլամական երկրների միասնական միություն ստեղծելու անհրաժեշտությունը: Փեզեշքիանը կոչ է արել շարժվել իսլամական երկրների միջև սահմանները ջնջելու ուղղությամբ՝ հենվելով Եվրամիության փորձի վրա», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իրանի նախագահի կարծիքով՝ իսլամական երկրների միասնության ամրապնդումն անարդյունավետ կդարձնի Արևմուտքի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։

Իրանի և Իրաքի միջև երկկողմ համագործակցության ոլորտում Փեզեշքիանը կոչ է արել կազմակերպել մասնագիտացված հանձնաժողովներ՝ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերն ընդլայնելու նպատակով։

Բաղդադից Իրանի նախագահը մեկնել է Էրբիլ, որտեղ հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահի և վարչապետի հետ։

Փեզեշքիանն այնուհետև կմեկնի Բասրա։ Փեզեշքիանի այցն Իրաք նրա առաջին պաշտոնական արտասահմանյան այցն է որպես Իրանի նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս