Գյումրիի ավագանին 68 մլն դրամ կհատկացնի նոր տոնածառի համար

Գյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։ Քաղաքի ավագանին կողմ քվեարկեց  նոր տոնական ծառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին սեպտեմբերի 10-ին կայացած հերթական նիստի ժամանակ կողմ քվեարկեց այդ նպատակին 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը։

Ներկայացնելով նախագիծը, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ այդ գումարի շրջանակներում ձեռք կբերվի արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ։

Գումարի շրջանակներում եղևնին կունենա նաև նոր զարդարանքներ։ Գումարը ներառում է նաև տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման ծախսերը։  «Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է և հնարավոր չէ վերանորոգել, որի հետագա շահագործումը վտանգավոր է և անհրաժեշտություն կա ձեռք բերելու նոր տոնածառ։

Տոնածառը ուժգին քամու հետևանքով շրջվել և վնասվել էր դեռ 2015 թվականի հունվարին, որից հետո քաղաքային ավագանին ամեն տարի որոշակի գումարներ է հատկացրել եղևնուն թարմ տեսք տալու, նաև նոր դեկորներ ու լույսեր գնելու նպատակով»,-նշեց Լենա Ջիլավյանը։

Նույն  նախագծով ևս 7 մլն դրամ էլ կհատկացվի  համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման համար:

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս