Ստամոքսամտություն՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»:

Դա քիչ համարելով՝ մի հատ էլ գրառման ներքո մեկնաբանել է. «Հաց բառը տվ յալ տեքստում կարելի է ընկալել որպես բայ»: Հա, հենց այդպես՝ բայ: Ինչ-որ մեկը Փաշինյանին թյուրիմացության մեջ է գցել: Հա, նախօրոք նշենք. տեսել ենք, որ երևի կանխատեսելով ծաղրական ակնարկները՝ Փաշինյանը մի առանձին ստատուսային տրակտատ էլ գրել էր «հացել» (ճաշելու իմաստով) բայի գոյության մասին: Բայց հայոց լեզվի իմացության հարցը դնենք մի կողմ, դա էական չէ:

Էական չէ նույնիսկ այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բաներ անում. դրան առանձին անդրադարձել ենք՝ նշելով, որ նրան ու իր թիմին պետք է «քլնգոց ուտել» մանր-մունր բաների համար, որ խոշոր մեղքերի համար, իր խոսքերով ասած, իրենց «դավաճան չասեն»: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա: Փաստացի «որտեղ հաց, այնտեղ կաց» անընդունելի ասույթը մի փոքր ձևափոխված «այստեղ հաց, այստեղ կաց»-ը պարզ ստամոքսամտության ճիչ է: Ավելին, սա հենց ստամոքսամտություն է՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի: Ավելի ստույգ՝ սա ծաղր է հայ ժողովրդի, հայ հասարակության, «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Ու սա նորություն չէ: Տեսեք, թե՛ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, թե՛ հատկապես այս վերջին շրջանում Փաշինյանը և նրա քպականները հետևողականորեն քարոզում են, որ Հայաստանում բնակվողները գոյություն ունեն բացառապես օրվա հացի, կուշտ փորով ուտելու և էլ ոչ մի բանի մասին չմտածելու համար:

«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը: Ու մարդիկ, որոնց կրեդոն որկորն է, ստանալով իշխանություն, նպատակադրված քարոզ են տանում, թե մարդը սոսկ կենսաբանական օրգանիզմ է: Այս դեպքում՝ կոնկրետ՝ Հայաստանում ապրողները, որոնց պետք է հուզի բացառապես հացը: Ուրիշ ոչինչ: Ըստ որում, Փաշինյանն իրեն նեղություն էլ չի տալիս՝ մտածելու համար, որ խոսում է հացից, գործնականում ստամոքսապաշտությունից այն դեպքում, երբ հենց ինքը, իր վարած «քաղաքականությունը» հարյուր հազարավոր հայ մարդկանց զրկել է բնօրրանից, սեփական հողի վրա հաց ստեղծելու հնարավորությունից, ոչ պակաս հազարավորներին՝ հենց մի կտոր հացից: Թե բա՝ «այստեղ հաց, այստեղ կաց»:

Այսինքն, եթե այստեղ հաց՝ չիք, ինչ տուն, ինչ հայրենիք: Սա է որկորային մահացու «գաղափարախոսությունը»:

Հ.Գ.-Ի դեպ, Փաշինյանը նաև մի «ուղերձ» էր հղել: Պրոբլեմների մասին: Թե բա՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք: Չէ, այստեղ ասելիք չկա էլ: Երևի թե միայն մեկ բան. մեր երկրում միակ պրոբլեմն արդեն տևական ժամանակ Հանրապետության հրապարակում է…»։

Տեսանյութեր

Լրահոս