Բաժիններ՝

Երևանում նոր փղանոց կկառուցվի, իսկ Ամուրյան վագրի համար՝ լողավազան

Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել են փղերի համար նոր կացարանի նախագծման աշխատանքները: Շինարարության մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին, որից հետո այգին կսկսի գործընկերների հետ բանակցություններ՝ նոր փիղ ձեռք բերելու նպատակով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ նշելով, որ կենդանաբանական այգու ընդլայնման և բարեկարգման աշխատանքները բնականոն հունով ընթանում են:

«Այս պահի դրությամբ ավարտվել են զեբրերի և կռունկների ազատավանդակների կառուցման, ամուրյան վագրի ազատավանդակի բարեկարգման և լողավազանի կառուցման աշխատանքները:

Նշեմ, որ բոլոր նոր ազատավանդակներն, ի տարբերություն նախկինում եղածների, կառուցվում են յուրաքանչյուր կենդանու համար իրեն մոտ բնական միջավայրի շրջանակում: Մի շարք նոր ազատավանդակների կառուցումն այժմ ընթացքի մեջ է, աշխատանքները կավարտվեն նոյեմբեր ամսին»,- ասաց Սիրարփի Հայկազյանը:

Կենդանաբանական այգում գործարկվել են նոր ճեմուղիներ և հուշանվերների խանութ:Սիրարփի Հայկազյանը տեղեկացրեց, որ ներդրվել է տոմսերի առցանց համակարգ:

Այժմ  քաղաքացիները տոմսեր կարող են ձեռք բերել Երևանի կենդանաբանական այգու կայքէջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս