Ուկրաինայի նոր արտգործնախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին
Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է գերատեսչությունում նախատեսվող փոփոխությունների, այդ թվում՝ կադրային վերադասավորումների մասին։ Որպես այդ վերադասավորումերի մի մաս՝ նա հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Սիբիհան գրել է, որ իր կադրային առաջին փոփոխությունների մասին հայտնել է Ուկրաինայի դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին։
Նա առաջարկել է աշխատանքից ազատել ԱԳ փոխնախարար Իրինա Բորովեցին, իսկ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինի երկարաժամկետ գործուղումը կդադարեցվի։«Պատերազմող երկրների դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրողություններից։ Այս առնչությամբ որոշում է կայացվել հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին», – գրել է Սիբիհան։
Նա նաև հայտնել է, որ հարկավոր է նախարարությունում ներգրավել երիտասարդ կադրերի։ Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ սեպտեմբերի 8-ին Սիբիհան հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև Ռումինիայի, Չեխիայի, Թուրքիայի և Մոլդովայի արտգործնախարարների հետ։



