Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում են Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին էին դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել էին, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ էին կատարել, որտեղ հայտնաբերել էին Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, իսկ ավտոմեքենայից բավականին հեռու լճի ափին նրա հագուստներն ու հողաթափերը։
Ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր էր որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել էր, ապա լողանալու նպատակով մտել էր Սևանա լիճ և ջրահեղձ եղել։
Նրա հագուստները հայտնաբերվել էին ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։