Բաժիններ՝

Մարդիկ, Հայրը, Որդին և Սուրբ Հոգին. 6 հարց ու պատասխան

Որտե՞ղ է Աստված

– Աստված մարդկանց նման մարմնավոր էակ չէ: Նա հոգի է և ամենուրեք է: Նա ամենուրեք ներգործում է, պահպանում և կենսագործում: Աստված հայտնվում է ամեն տեղ և ամեն ժամ իր հրաշալի ստեղծագործությունների մեջ:

Աստված տեսանելի՞ է

– Աստված տեսանելի չէ մարմնական աչքերի համար, բայց տեսանելի է կամ հայտնվում է մաքուր սիրտ ունեցողներին: Ավետարանն ասում է. «Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն» Մատթեոս 5:8): Աստված տեսանելի է իր գործերի միջոցով:

Մարդն ունի՞ Տիրոջ պատկերն ու նմանությունը

– Սուրբ Գրքի բացատրությամբ՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ։ Ասելով պատկեր ու նմանություն՝ չենք հասկանում մարմինը, այլ հոգին, միտքը, բանականությունն ու կամքը: Մարդը՝ իբրև կատարելագույնը արարածների, իր հոգով հաղորդակցվում է Տիրոջ հետ: Մարդիկ, իրենց աստվածային նկարագիրը պահելու համար՝ միշտ պետք է աշխատեն լինել կատարյալ, բարի, ճշմարիտ, սիրով լի։ Մարդը պարտավոր է մաքուր պահել իր հոգին և անխախտ իր հաղորդակցությունն Արարչի հետ: Աստծո կամքին հակառակ գործելուն պես՝ մարդը կորցնում է Աստծո նմանությունը: Աստված անմահ է, անմահ է նաև մարդու հոգին: Աստված ամենաբարձր կատարելությունն է, այդ պատճառով ասվում է. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս 5:48):

Որդին կատարյալ Աստված է և կատարյալ Մարդ. ինչպե՞ս

– Որդին կատարյալ Աստված է, քանի որ Աստծո էությունից է ծնվել և կատարյալ Մարդ է, քանի որ մարդկանց փրկության համար իջավ երկնքից և Սուրբ Հոգով ծնվեց Սուրբ Կույս Մարիամից և փրկագործեց ամենքիս: Որպես ապացույց իր աստվածության՝ չարչարվեց, մեռնելուց և թաղվելուց երեք օր հետո` հարություն առավ, համբարձվեց երկինք ու նստեց Հոր աջ կողմում: Որպես մարդ՝ կաթով սնվեց և որպես Աստված՝ փառավորվեց հրեշտակներից: Որպես մարդ՝ քաղցեց, ծարավեց, ննջեց, արտասվեց, հոգնեց՝ մարմնի օրենքներին ենթարկվելով, որպես Աստված՝ գործեց նշաններ ու հրաշքներ, ցույց տվեց աստվածային զորությունը:

Ո՞վ է Սուրբ Հոգին

– Հոգին կատարյալ Աստված է Հոր և Որդու նման: Սուրբ Հոգին՝ որպես կատարյալ Աստված, կենդանի զորություն է: Նա անձնավորում է սերը, ճշմարտությունը, իմաստությունը, շնորհը: Առաջնորդում է մարդկանց նրանց կյանքի ողջ ընթացքում՝ շնորհներով զարդարելով: Սուրբ Հոգին Հորդանանում իջավ Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ, Պենտեկոստեին, Վերնատանը իջավ առաքյալների վրա ու բնակվեց սրբերի մեջ: Ավետարանում Հոգին նկարագրված է՝ որպես Ներշնչում, Իմաստություն և Մխիթարություն: Սուրբ Կույս Մարիամի հղությունը Սուրբ Հոգով է տեղի ունենում: Հոգին է ներշնչում և իմաստություն տալիս խոսելու: Հայրը, Որդին և Սուրբ Հոգին առանձին աստվածներ չեն, այլ մեկ ու միասին կոչվում են Սուրբ Երրորդություն:

Հնարավո՞ր է աստվածային սիրով սիրել այս մեղավոր աշխարհում

– Այս աշխարհը ավելի լի է բարիքներով, քան չարիքներով: Մարդիկ են, որ մշակում են չարիքները, քանի որ չեն սիրում իրար աստվածային սիրով: Աստվածային սերը շահախնդրական չէ: Արարչի բոլոր գործերը բխում են Նրա սիրուց: Աստված Իր սիրով ողորմած է` դեպի մեղավոր մարդը: Նրա սիրո մեջ տիրում է հավիտենական խաղաղություն: Քրիստոնյաների պարտականությունը պետք է լինի` չտարվել աշխարհիկ չարիքների հոսանքով: Սա պահանջում է մեծ և լուրջ աշխատանք։ Եթե աշխարհը մութ է, քրիստոնյան պետք է լուսավորի այն, եթե աշխարհն անհամ է, քրիստոնյան պետք է համեմի այն աղի պես: Սա պատվիրել է Տերը իր աշակերտներին:

Օգտագործված գրականություն՝ «Գանձասար» մատենաշար՝ «Քրիստոնէական», Արշակ Տեր-Միքելյան՝ «Հայաստանյաց Սուրբ Եկեղեցու քրիստոնեականը»

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս