Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել
Վրաստանում ծնելիության մակարդակը պատմական նվազագույնին է հասել վերջին 30 տարում: Սա հաստատում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Մասնավորապես, ըստ ներկայացված տվյալների, 2023 թվականին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 40 հազար 214։ Այս ցուցանիշը 1994 թվականից ի վեր ամենացածրն է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Համեմատության համար նշենք, որ 1994 թվականին Վրաստանում ծնվածների թիվը կազմել է 57 հազար 311: Երկրում ծնելիության ավելի բարձր ցուցանիշ գրանցվել է միայն 2014-ին և 2015-ին՝ համապատասխանաբար 60 հազար 635 և 59 հազար 249։
Հիշեցնենք, որ ժողովրդագիրները վերջին տարիներին ակտիվորեն բարձրաձայնում էին այն մասին, որ Վրաստանում նկատելի է ծնելիության նվազումը։ Փորձագետների գնահատմամբ՝ 2021-2022-2023 թվականներին Վրաստանի բնակչությունը պակասել է, քանի որ նվազել է ծնելիությունը, իսկ մահացությունն աճել է։ Ժողովրդագիրների կարծիքով, երկրում նաև անհրաժեշտ է հատուկ ժողովրդագրական քաղաքականություն իրականացնել, որն ուղղված կլինի և՛ ծնելիության մակարդակի բարձրացմանը, և՛ մահացության մակարդակի նվազեցմանը, հակառակ դեպքում` Վրաստանի բնակչությունն աստիճանաբար ավելի ու ավելի կպակասի։