Վիզաների ազատականացման հարցը ևս կարող ենք «գրել սառույցին». Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը.
1. Հայաստան-ԵՄ հարաբերություններում ինչպիսի՞ նոր զարգացումներ և փաստաթղթեր եք կանխատեսում, որոնց մասին խոսում է իշխանությունը։
Արմեն Աշոտյան– Նորից նշեմ, որ այսօրվա Հայաստանը շատ և ավելի հեռու է եվրոպական ստանդարտներից (նույն՝ Կոպենհագենյան,- Ա.Ա.), քան 2018-ի սկզբին Սերժ Սարգսյանի օրոք։
Եվրոպական մայրաքաղաքներում լավ գիտեն, որ մեր միջև գործող CEPA-ն (նորից՝ Սերժ Սարգսյանի թողած.- Ա.Ա.) կյանքի չի կոչվում, դրանով նախատեսված բարեփոխումների մեծ մասը կա՛մ չի իրականացվում, կա՛մ մնում է թղթի վրա։ Այս ձախողման հիմնական պատճառը Փաշինյանի իշխանության մասնագիտական, վարչարարական, ինտելեկտուալ սնանկությունն է, և սա նույնպես քաջ հայտնի է Բրյուսելում, ով ելնելով քաղաքական կոնյունկտուրայից՝ լռում է նաև այդ մասին, ինչպես նաև հայտնի ժողովրդավարական հետընթացի, ավտորիտարացման, քաղաքական բանտարկյալների և այլնի մասին։
Վիզաների ազատականացման երկխոսությունը գուցե և մեկնարկի, սակայն կրկին կանխատեսեմ, որ Նիկոլի կառավարությունն ի վիճակի չի լինելու ապահովել ԵՄ պահանջները և ստանդարտները։ Ուստի այս հարցը ևս կարող ենք «գրել սառույցին»։
Իմ տեղեկություններով՝ այժմ ԵՄ-ի հետ բանակցվում է ընդամենը մի աշխատանքային փաստաթուղթ, որը կոչվում է «Գործընկերության գերակայություններ» (Partnership priorities) և ոչ թե որևէ նոր բովանդակություն կամ գաղափար է պարունակում, այլ ընդամենը CEPA-ից բխող ուղղություններով եռամյա (որպես կանոն.- Ա.Ա.) առաջնահերթություններ է ուղենշում։ Ի դեպ, այդ սոսկ աշխատանքային թուղթն էլ է ձգձգվում փաշինյանական կառավարության ապիկարության պատճառով։ Երևի հենց այս տեխնիկական փաստաթուղթն է Նիկոլը փորձելու ծախել ժողովրդի վրա՝ որպես «խաղաղություն»։