
17-ամյա երիտասարդի մոտ ատրճանակ և դանակ է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները սեպտեմբերի 5-ին Զովունի գյուղի 1-ին փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Մեքենան վարող 17-ամյա պատանու պայուսակում ակնհայտ նկատվել է զենքի նմանվող առարկա:
Զովունիի բնակիչ պատանին զենք-զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «Մակարով» տիպի գործարանային համարով ատրճանակ և գաղտնի փականով դանակ: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: