Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում

Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն  էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել:

Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։

Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում բնակավայրի գրադարանը։ Առաջիկայում պլանավորվում է շենքի վերանորոգումը, որից հետո բնակիչները կկարողանան այն օգտագործել տարբեր միջոցառումների, մշակութային խմբակների և այլնի համար։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս շրջակա միջավայրի կայուն լուծումներին և ուրախ ենք, որ մեր համագործակցության շնորհիվ կանաչ էներգիան հասանելի կդառնա Սյունիքի սահմանամերձ Շիկահողում: Սա մեր առաջին նախագիծն է Սյունիքում, և այսպիսով մենք ոչ միայն Շիկահողին կայուն էներգիա ենք տրամադրում, այլ նաև օգնում ենք գումար տնտեսել գյուղի ենթակառուցվածքները բարելավելու համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս նախագիծը ոչ միայն աջակցում է համայնքային ռեսուրսների խնայողությանը, այլև նվազեցնում է շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ խրախուսելով վերականգնվող էներգիայի օգտագործումը: Արդյունքում, համայնքը կարող է ապավինել ավելի մաքուր և կայուն էներգիայի աղբյուրների վրա, ինչը կնպաստի երկարաժամկետ տնտեսական և էկոլոգիական կայունության ապահովմանը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում», – ասել է «Արևորդի» ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Արևային էներգիայի ներդրումը մեր համայնքում նպաստում է ջեռուցման խնդրի լուծմանը և զգալիորեն կրճատում է ծախսերը: Այժմ երկու շենքի և փողոցային լուսավորությունը ապահովվում է տեղադրած սարքավորումներով: Նման նախագծերի շարունակականությունը կարևոր է: Բնակավայրը նախկինում ջեռուցվում էր վառելափայտով՝ սպառելով Շիկահողի արգելոցի միջոցները: Այս կայանները կօգնեն ավելի կայուն և արդյունավետ դարձնել համայնքը», – նշել է Շիկահող համայնքի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը:

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում արևային կայանների տեղադրման որոշումը պատահական չէ: Կազմակերպությունները առաջնահերթությունը տալիս են բնապահպանական կայուն լուծումներին, որոնք իրենց հերթին համայնքի համար ապահովում են տնտեսական կայունության լուծումներ։

«Յուքոմ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30