Պարեկների ու քրեական հետախույզների բացահայտումը. հափշտակություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16.10-ին, Երևանի պարեկները կողոպուտ կատարելու և թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով Հերացու փողոցում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի:
Պարզվել է, որ նա մոտ կես ժամ առաջ Աբովյան փողոցի մի սուպերմարկետից բացահայտ հափշտակել էր խմիչք ու դիմել փախուստի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են և՛ խմիչքը, և՛ մոխրացած հետքերով կաթուցիչ:
Հետագա միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները պարզեցին, որ դա այդ երիտասարդի միակ հանցանքը չէր:
Մասնավորապես, սեպտեմբերի 1-ին, օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, նա Տերյան փողոցի գեղեցկության սրահի սեղանի վրայից գողացել էր նոթբուք և ոչ թանկարժեք մետաղից յոթ մատանի: Իսկ նույն օրը, երեկոյան ժամը 8-9-ի սահմաններում, օգտվելով Մոսկովյան փողոցում գտնվող մի ընկերության դուռը բաց լինելու հանգամանքից՝ նա գողացել էր փող և պտուտակահան:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջին երկու դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: