
ԵՄ-ն լուրջ խախտումներ է արձանագրել Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններում

Եվրոպական միության դիվանագիտական ծառայությունն, անդրադառնալով Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, հայտարարել է, որ դրանք անցել են սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, ինչը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության։
Այս մասին նշված է ԵՄ դիվանագիտական ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության համաձայն՝ ընտրությունները տեղի են ունեցել սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, որը թույլ չի տվել իրական բազմակարծություն և հանգեցրել է մրցակցության բացակայության», – նշված է տարածված հաղորդագրություն մեջ։
Եվրոպական միության տարածած հայտարարության մեջ նաև նշվում է, որ չնայած կանոնակարգված և ընդհանուր առմամբ արդյունավետ ընթացող քվեարկության գործընթացին, նկատվել են լուրջ խախտումներ և կարևոր երաշխիքների բացթողումներ, մասնավորապես՝ ձայների հաշվարկի ժամանակ, ինչը հարցեր է առաջացնում գործընթացի ամբողջականության վերաբերյալ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն այնուհետև նշել է, որ ընտրությունները տեղի են ունեցել այլախոհ ձայների շարունակական ճնշումների ֆոնին։
«Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ընդունել և իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք կապված են այս և նախորդ ընտրությունների հետ։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այս գործընթացին», – նշված է հաղորդագրության մեջ։