Իսրայելական բանակը հայտարարել է Գազայի հարավում գործողությունն ավարտելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) ավարտել է գործողությունը Գազայի հատվածի հարավում, որի ընթացքում զինվորականները վերացրել են ավելի քան 250 արմատականի։
Այս մասին օգոստոսի 30-ին հաղորդել է բանակի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ ԻՊԲ-ն ոչնչացրել է նաև շուրջ վեց կիլոմետր ընդհանուր երկարությամբ վեց թունել և վերադարձրել հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից առևանգված վեց պատանդի մարմին։ Նաև ռազմական գործողության ընթացքում 98-րդ դիվիզիայի ուժերը ՀԱՄԱՍ շարժման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ են ոչնչացրել Խան Յունիսի և Դեյր ալ Բալահի շրջաններում։
Օգոստոսին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում գործողության մեկնարկի մասին՝ այդ գոտում «ահաբեկիչների և ահաբեկչական ենթակառուցվածքների» առկայության մասին հետախուզական տվյալներ ստանալուց հետո:
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։
Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 600-ի։