
Բորելը հաստատել է, որ Ուկրաինան արդեն օգտագործում է իրեն մատակարարված F-16-երը

Ուկրաինան արդեն օգտագործում է F-16 կործանիչները, որոնք իրեն մատակարարել է Արևմուտքը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Ուկրաինացի զինվորականները պատրաստ են կռվել, եթե նրանք ունեն մեր նյութական աջակցությունը: Ներկայում նրանք արդեն օգտագործում են F-16-երը՝ ջանալով հետ մղել ռուսական գրոհները», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Ուկրաինա փոխադրված F-16 կործանիչի կորուստը. կործանման պատճառները պարզում է հատուկ հանձնաժողովը:
The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր, որ Արևմուտքի կողմից տրամադրված առաջին F-16 կործանիչն Ուկրաինայում կործանվել է օդաչուի սխալի պատճառով։
Ուկրաինայի զինված ուժերից հայտնել են, որ F-16-ը կործանվել է օգոստոսի 26-ին ռուսական զանգվածային հարձակումը հետ մղելիս. այդ ժամանակ ռուսական կողմն ավելի քան 200 հրթիռ և անօդաչու թռչող սարք էր արձակել Ուկրաինայի ուղղությամբ։