Հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում. ՀՀ ԱԳՆ

Անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում։

Այս մասին օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքում անցկացված Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը։

«14 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սահմանեց որպես «Բռնի անհետացումների զոհերի օր»՝ մտահոգություն հայտնելով աշխարհի տարբեր հատվածներում բռնի կամ հարկադիր աճի՝ ներառյալ ձերբակալությունների, կալանավորումների և մարդկանց առևանգումների վերաբերյալ»,-նշեց Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ բռնի անհետացումներն, իրավամբ, ամենածանր և երկարատև խնդիրներից է ինչպես հակամարտությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո։

Նրա խոսքով՝ այս խնդիրներից նաև զերծ չի մնացել հայ հասարակությունը, քանի որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։ 

«Ընդ որում՝ անգամ փաստագրված ու տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում»,-հայտարարեց Հայկ Սարգսյանը՝ շեշտելով, որ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներում և դատական ատյաններում ներկայացնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում բռնի անհետացումները միջազգային իրավունքի համաձայն կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն։

Նրա դիտարկմամբ՝ կարևորելով բռնի անհետացման դեմ պայքարն, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելումը՝ Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։

«Միևնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ մենք չենք կարող միայն հիշել և սգալ։ Մենք պարտավոր ենք լինել այն ձայնը, որ պահանջում է պատասխանատվություն, պահանջում է ճշմարտություն և արդարություն: Մեր միջազգային գործընկերների հետ համագործակցելով՝ շարունակելու ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը՝ հատուկ ընդգծելով, որ հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, մշտապես բաց է եղել աշխատել բոլոր կողմերի հետ՝ կարևորելով նման համագործակցությունը՝ որպես վստահության, համերաշխության և խաղաղության հասնելու միջոց։ Նա վստահեցրեց, որ աշխատանքը չի ավարտվի, քանի դեռ չի պարզվել ամենավերջին անհետ կորածի ճակատագիրը, քանի դեռ վերջին ընտանիքը չի ստացել իրեն հուզող ամենակարևոր հարցի պատասխանը։

Դավիթ Մամյան

Տեսանյութեր

Լրահոս