
Մակրոնը պնդում է, որ ինքը չի իմացել Դուրովի՝ Ֆրանսիա ժամանելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 29-ին Սերբիա այցի ժամանակ հերքել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Ֆրանսիա «որևէ հրավեր ուղարկելու մասին» տեղեկատվությունը։ Այդ մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։
«Մեր երկրում իշխանությունների տարանջատում կա: Ես ամենևին տեղյակ չեմ եղել նրա ժամանման մասին: Դա նորմալ է: Ճիշտ չէ, թե ես հրավեր եմ ուղարկել», – Մակրոնի խոսքն է մեջբերել BFMTV-ն։
Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, երգիծական Le Canard enchaîné թերթը գրել էր, որ օգոստոսի 24-ին Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում ձերբակալման ժամանակ Պավել Դուրովը հայտարարել է, որ իրեն սպասում են Մակրոնի հետ ընթրիքին։
Օգոստոսի 29-ին Բելգրադում կայացած մամուլի ասուլիսում Մակրոնը նաև ընդգծել է, որ «միանգամայն ընդունելի» է համարում Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տալը։ Ըստ Le Figaro-ի՝ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ հպատակագրման վերաբերյալ այդ որոշումը «լիովին ընդունված ռազմավարության» մի մասն է, որը վերաբերում է այն «կանանց ու տղամարդկանց», որոնք «ջանքեր են գործադրում ֆրանսերեն սովորելու համար» և «փայլում են աշխարհում»: