Պարեկներին տեսնելով՝ կուլ էր տվել թմրանյութը
Երևանի պարեկները օգոստոսի 25-ի առավոտյան ժամը 7.20-ին Գայի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 38-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ծալովի դանակ, դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ, 2,20 գրամ դեղնականաչավուն զանգված և տարբեր տեսակի 42 դեղահաբ:
Ժամը 08.25-ին Երևանի պարեկները Թբիլիսյան խճուղու հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 41-ամյա տղամարդու: Ձերբակալման պահին նա իր մոտից նետել է երկու փաթեթ: Խուզարկությամբ Երևանի բնակիչ 41-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ կաթուցիչի մեջ մարիխուանա է, իսկ փաթեթներում՝ կրիստալ տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր օգտագործման համար:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Նույն օրը, ժամը 18-ին, Երևանի պարեկները Ուլնեցու և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտ նկատել են կասկածելի վարքագծով երիտասարդի: Պարեկներին տեսնելով՝ նա կուլ է տվել ձեռքում եղած փաթեթը: Արմավիր քաղաքում հաշվառված 25-ամյա երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Բաժնում երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժօգնությունից և նորից տեղափոխվել է բաժին: Բաժնում նա հայտնել է, որ կուլ տվածը թմրանյութ է:
25-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: