Դա ավելի է բարդացնում Ադրբեջանի վիճակը․ ԵԽԽՎ-ում արձագանքել են կառույցի որոշ անդամների անցանկալի անձ հայտարարելու Բաքվի որոշմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ այն անդամները, որոնք կողմ են քվեարկել կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը, Ադրբեջանում կդիտարկվեն որպես անցանկալի անձ (persona non grata)։
«Սա ավելի քան ցավալի ազդանշան է, որը միայն ավելի է բարդացնում Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ «Սև ցուցակում» ներառել նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է միայն հակադարձ արդյունքի հանգեցնել»,-նշել է ԵԽԽՎ նախագահն՝ ընդգծելով, որ անդամ երկրները պարտավորված են հարգել ժողովրդավարության չափանիշները: