Պենտագոնի ղեկավարը կարգադրել է երկու ավիակիր խումբ թողնել Մերձավոր Արևելքում
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելքում պահպանել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ավիակիր հարվածային խմբերի ներկայությունը՝ Իսրայելին աջակցելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Պենտագոնը:
«Նախարարը վերահաստատել է Իսրայելի իրավունքը՝ պաշտպանելու իրեն, և Միացյալ Նահանգների վճռականությունը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանի և նրա տարածաշրջանային պրոքսիների սպառնալիքներից: Որպես այդ աջակցության մի մաս՝ նախարարը կարգադրել է, որ տարածաշրջանում պահպանվի երկու ավիակիր հարվածային խմբերի ներկայությունը», – ասվում է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերի տարածած մամուլի տեղեկագրում։
Այս որոշման մասին Օսթինը հայտնել է իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում։
Կողմերը քննարկել են նաև Իսրայելի պատասխանը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման գրոհներին:
Օգոստոսի 25-ին «Հեզբոլլահ»-ը գործողություն է իրականացրել՝ ի պատասխան Բեյրութում Իսրայելի հարվածի հետևանքով շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության։
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան, մեկնաբանելով գործողության մեկնարկը, նշել է, որ շարժման մարտիկները կարողացել են հարված հասցնել Թել Ավիվի մոտ գտնվող Իսրայելի ռազմական հետախուզության «Գլիլոտ» բազային։ Նա նշել է, որ շարժումը գրոհում է միայն ռազմական օբյեկտների վրա, այլ ոչ թե քաղաքացիական։ Նասրալլայի խոսքով՝ օգոստոսի 25-ին իրականացված գրոհի հիմնական թիրախները եղել են հետախուզական ծառայությունների ռազմակայանները և հակաօդային պաշտպանության բազաները: