Ավտոբուսային գծի կահավորման արդյունքում Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի
Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով: Լուսացույցի տեղադրման աշխատանքները սկսվել են, որից հետո ավտոբուսային գծի կահավորումը կշարունակվի Իսահակյան-Մոսկովյան փողոցներում, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայում, և ամբողջական միջանցքը պատրաստ կլինի: Նախնական պլանավորված է սեպտեմբերի ընթացքում ավարտել: Այդ մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ստացվում է՝ լինելու են միակողմանի Մոսկովյան փողոց և միակողմանի Իսահակյան փողոց:
Վազգեն Հարությունյանը հաստատեց՝ երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում փողոցները նախատեսվում է դարձնել միակողմանի:
«Մոսկովյան փողոցը միակողմանի կլինի, երթևեկությունը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան, իսկ Իսահակյան փողոցը կլինի հակառակ ուղղությամբ»,- ասաց նա և հավելեց՝ աշխատանքների ավարտից հետո բոլոր ավտոբուսային գծերն անարգել հասնելու են մինչև Մաշտոցի պողոտայի վերջ:
Ավինյանն արձագանքեց՝ ծրագիրը հատվածական է իրականացվել, քանի որ դեռ կա Մյասնիկյան պողոտան, որը ևս հետագայում կավելանա ընդհանուր գծին: