Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել, հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Բայրամովը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել։
Երկու նախարարների զրույցի մյուս թեմաներն են եղել կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև միջազգային մի շարք հարցերի քննարկումը։
«Հրավիրելով միմյանց այցելել իրենց մայրաքաղաքները՝ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը՝ շարունակելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակումը և երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆորումներում»,- ասված է Իրանի ԱԳՆ հաղորդման մեջ: