Իսրայելում արտակարգ դրություն է
Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իր ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում Հեզբոլլահի թիրախներին Լիբանանում «Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո», հաղորդում է BBC-ն:
«Ինքնապաշտպանության նպատակով, այս սպառնալիքները վերացնելու համար, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում ահաբեկիչների թիրախներին», – ասել է Իսրայելի բանակի (IDF) խոսնակ Դանիել Հագարին:
Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է Հեզբոլլահը:
Դրանից հետո «Հեզբոլլահը» հայտարարեց, որ լայնածավալ անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացրել Իսրայելի վրա՝ ի պատասխան շարժման բարձրաստիճան ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրի սպանության:
Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա հարձակման պատճառով, հայտնում է Ynet news-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ արտակարգ դրության պատճառով փակ են Ռիշոն Լե Զիոն քաղաքից դեպի երկրի հարավային հատված ընկած լողափերը։
Ըստ Times of Israel-ի՝ համալսարանները հայտարարել են դասերը չեղարկելու մասին՝ Լիբանանի տարածքին իսրայելական հարվածների և «Հեզբոլլահ» շարժման հրթիռակոծման պատճառով։
Թել Ավիվի համալսարանը հայտարարեց, որ այսօր չեղյալ է հայտարարում քննությունները, սակայն մյուս կանոնավոր դասերը կշարունակվեն։
Technion-ը և Հայֆայի համալսարանը հայտնում են, որ բոլոր միջոցառումները չեղարկվել են:
Դասերը կանցկացվեն Zoom-ի միջոցով Օնո ակադեմիական քոլեջի Հայֆայի կամպուսում, իսկ այսօր և վաղը քննությունները չեղարկվել են: