
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը»-ը Սլովենիայի չեմպիոնին հաղթեց նվազագույն հաշվով

Երևանի «Փյունիկ» ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆ փուլի որակավորման առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյե»-ին։ Թեև մրցակիցները պահպանեցին խաղի բարձր տեմպը, սակայն առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ արդյունքով, քանի որ թիմերին այդպես էլ չհաջողվեց ստեղծել իրական գոլային պահեր։
Ընդմիջումից հետո՝ «Փյունիկ»-ն ավելացրեց ճնշումը հակառակորդի դարպասին, և հանդիպման 59-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից կատարած շեշտակի հարվածով նիգերիացի լեգեոներ Սանի Բուհարին գրավեց սլովենական թիմի դարպասը։ 65-րդ րոպեին նա կարող էր կրկնապատկել «Փյունիկ»-ի առավելությունը, սակայն չկարողացավ գրավել դատարկ դարպասը։ 67-րդ րոպեին սլովենական ակումբի դարպասապահը դժվարությամբ հետ մղեց Մայայի հուժկու հարվածը։ Եվս երկու րոպե անց գոլային իրական հնարավորությունը ձեռքից բաց թողեց Օտուբանջոն։
Չնայած գործադրված ջանքերին՝ «Փյունիկ»-ին չհաջողվեց երկրորդ անգամ գրավել մրցակցի դարպասը, և խաղն ավարտվեց հայկական ակումբի նվազագույն առավելությամբ՝ 1:0։ Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։