Վլադիմիր Պուտինը 2011 թվականից ի վեր առաջին անգամ այցելել է Չեչնիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի երեկոյան ժամանել է Չեչնիա։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:
Օգոստոսի 20-ին նա այցելել է ՌԴ ևս երկու հյուսիսկովկասյան տարածաշրջաններ՝ Կաբարդինո-Բալկարիա և Հյուսիսային Օսիա։ Վերջին 13 տարիներին սա Վլադիմիր Պուտինի առաջին այցելությունն է Չեչնիա, որի վարչական կենտրոն Գրոզնիի օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։ Նախորդ անգամ Պուտինը Չեչնիա էր այցելել 2011 թվականի դեկտեմբերին, երբ զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության վարչապետի պաշտոնը։ Չեչնիայի ղեկավար Կադիրովը նրան բազմիցս հրավիրել է տեսնելու, թե ինչպես է զարգանում հանրապետությունը, իսկ անցած տարվա վերջին խորհրդակցություններից մեկի ժամանակ նույնիսկ դժգոհել էր, որ Չեչնիայի ավագանու ներկայացուցիչներն իրեն նախատում են այն բանի համար, որ ՌԴ նախագահը չի այցելում այդ հանրապետություն: