Մինչև 55 մլն դրամ արժեցող բնակարան, միայն ողջ շահառուներ, 3 և ավելի անչափահաս երեխաներ, յուրաքանչյուրի հաշվով 12քմ-ից ոչ պակաս տարածք. Արցախցիներին տրվող բնակարանային աջակցության պայմանները
ՀՀ կառավարության 2024 թ. մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է նրանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
Իսկ ՀՀ կառավարության 2024 թ. հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է բռնի տեղահանված արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը, որից 1 օր հետո մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Ըստ նախագծի՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը պետք է մեկնարկեր օգոստոսի 1-ից՝ համապատասխան ընթացակարգի հաստատումից հետո։
Այսօր, սակայն, կառավարությունը շրջանառության մեջ է դրել 2024 թ. մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Փոփոխություններ են առաջարկվում ընդամենը 3 ամիս առաջ ընդունված որոշման տարբեր կետերի ու ենթակետերի մեջ, ինչը, ըստ նախագծի հեղինակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, միտված է ծրագրի բոլոր բաղադրիչներով ստացված առցանց դիմումների մշակման գործընթացում Միասնական սոցիալական ծառայության գործառույթների հստակեցմանը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների պարզաբանմանը:
Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է, թե որ ընտանիքի անդամների հաշվով է իրականացվելու բնակմակերեսի հաշվարկը, սահմանվում է, որ ընտանիքի անչափահաս անդամները պարտադիր չէ, որ դառնան ձեռք բերվող գույքի սեփականատերեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի կամ կառուցվող անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքն անչափահաս երեխաների անունով գրանցելու դեպքում պահանջվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվությունը, ինչն իրենից ներկայացնում է ժամանակատար և բարդ գործընթաց։
Միևնույն ժամանակ Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով հստակեցվում է, որ ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները, իսկ 4-րդ ենթակետով, որ աջակցության չափը ոչ թե հստակ 3, 4 կամ 5 մլն է, այլ մինչև 3, 4 կամ 5 մլն, քանի որ գործնականում լինում են դեպքեր, երբ, օրինակ, 15 անդամ ունեցող ընտանիքը նախընտրում է 5 մլն արժողությամբ բնակարան, արդյունքում 55 մլն դրամ հատկացվում է գույքի ձեռքբերմանը, մինչև 5 մլն դրամ՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնմանը, մինչև 4 մլն դրամ՝ ծրագրի շրջանակներում ձեռք բերված անշարժ գույքի վերանորոգմանը, մինչև 2 մլն դրամ՝ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը, այդուհանդերձ, 75 մլն դրամից մնում է դրական մնացորդ, որն այս դեպքում ենթակա չէ իրացման։ Ուստի անհրաժեշտ է հստակեցնել, որ եթե աջակցության հանրագումարային չափը գերազանցում է ծրագրով սահմանված աջակցության բոլոր տարբերակներով նախատեսված չափի հանրագումարը, ապա այս դեպքում դրական մնացորդը ենթակա չէ իրացման որևէ այլ՝ կարգով չնախատեսված ձևաչափով։
Նույն հոդվածի 5-րդ ենթակետն ասում է, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվելու դեպքում աջակցության դադարեցումը վերաբերում է ընտանիքի 2 չափահաս անդամի, այլ ոչ թե մեկի բացակայությանը։
Հաջորդ փոփոխությունները վերաբերում են դիմում-հայտարարության մերժման հիմքերին, շահառուի՝ կրկին դիմելու արգելքի պայմաններին:
Օրինակ՝ դիմումը կարող է մերժվել, եթե ընտանիքը չի համապատասխանում դիմում-հայտարարության մեջ ընտրված թիրախային խմբին (3 և ավելի անչափահաս երեխա ունեցող, զոհվածի, կերակրողին կորցրածի կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անդամով ընտանիք), կամ դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թ. փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու:
Ծրագրի հիմնական պայմաններին չբավարարող հիփոթեքային վարկ ունեցող շահառուների՝ ծառայություն ներկայացրած դիմումը մերժվում է, եթե՝
ա. ձեռք բերված բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը գերազանցում է 55 մլն դրամը,
բ. ձեռք բերված բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով պակաս է 12 քմ-ից,
գ. ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցված չէ շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
Նախագծի 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանվում է գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի իրացման ընթացակարգը, մերժման հիմքերը, ընտանիքի՝ մահացած անդամների տվյալները հավաստագրից հեռացնելու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրերի չեղարկման ընթացակարգն այն դեպքերում, երբ շահառուն իր նախընտրած թիրախային խմբով չի կարողանում իրացնել հավաստագիրը: Այս դեպքում շահառուները պետք է հնարավորություն ունենան հրաժարվել այդ հավաստագրից՝ իրենց ընտանիքի կազմին համապատասխան փուլին դիմելու հնարավորությամբ։
Նախագծով նաև սահմանվում է, որ բոլոր այն անձինք, ովքեր ընդգրկված են եղել Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկում, սակայն 2024 թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն դիմել և չեն ստացել հավաստագիր, քանի որ իրազեկված չեն եղել ծրագրի շահառու հանդիսանալու վերաբերյալ, կարող են ընդգրկվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում՝ ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում։ Առաջարկվող կարգավորման հիմքում դրված է այն փաստը, որ ծրագրի շահառուների ցանկում ներառված, սակայն չդիմած շուրջ 300 ընտանիքների տվյալների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք նախկինում չեն ունեցել ՀՀ հաշվառում, ինչը պարտադիր պայման էր։ Այդ ընտանիքները հնարավորություն կունենան դիմել բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին՝ ծրագրով սահմանված առաջնահերթություններին և պայմաններին համապատասխան։
Նախագիծը կքննարկվի մինչև սեպտեմբերի 5-ը: