Բլինքենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինքենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։
2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինքենի իններորդ այցն է տարածաշրջան։
Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Եգիպտոս։ Միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսը, առայժմ չեն կարողացել հարթել կողմերի տարաձայնությունները և ամիսների բանակցություններից հետո հասնել համաձայնության, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են։
Օգոստոսի 18-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և նրանց մայրը։
Այս շաբաթ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվելու են Կահիրեում՝ Դոհայում անցկացված երկօրյա բանակցություններից հետո։ Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 40 000-ը։ Իսրայելի պնդմամբ՝ նրանցից 17 000-ը ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են։