ԿԳՄՍ նախարարությունը ցավակցել է Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնի մահվան կապակցությամբ։
«Խոր վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում», – նշված է նախարարության սոցիալական ցանցերում արված գրառման մեջ:
Ալեն Դելոնը Հայաստան է ժամանել 2012-ի դեկտեմբերի 17-ին՝ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: Այս տարվա օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ութսունութ տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։
«Ալեն Ֆաբիենը, Անուշկան, Էնթոնին, ինչպես նաև (նրա շունը) Լուբոն խոր վշտով հայտնում են իրենց հոր մահվան մասին։ Նա մահացել է խաղաղությամբ Դուշիում գտնվող իր տանը՝ շրջապատված իր երեք երեխաների և իր ընտանիքի կողմից», – ասված է նրա ընտանիքի տարածած հայտարարությունում:
Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝ հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ կերպարով:
Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում