«Սրան քիչ մնաց, նրան քիչ մնաց, նավթին քիչ մնաց, գազին քիչ մնաց» մտածողության ռեժիմով ապրել շարունակելու դեպքում, մեզ է քիչ մնալու. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. ««Պուտինին փռել են գետին», «Ռուսաստանի վերջն է», «Քիչ մնաց»:

Հիմա որ ասես՝ ընկերներ, բավական չէ՞ ապրել եւ հասարակությանը ապրեցնել էդ «քիչ մնացներով»՝ Պուտինին քիչ մնաց, Ռուսաստանին քիչ մնաց, Ադրբեջանի նավթին ու գազին քիչ մնաց, Էրդողանին քիչ մնաց, Թուրքիային քիչ մնաց, սրան քիչ մնաց, նրան քիչ մնաց, քեզ միանգամից կկնքեն «գործակալ»:

Մի քիչ պարզունակ համեմատություն անեմ իհարկե, բայց սա նման է մի վիճակի, երբ օրինակ ֆուտբոլային թիմի մարզիչը իր ֆուտբոլիստներին պատրաստի ու գոտեպնդի, որ քիչ է մնացել՝ ուր որ է հակառակորդի լավագույն խաղացողները վնասվածք են ստանալու, կամ ծերանալու են, կամ հանկարծամահ են լինելու, ու իրենց թիմի չեմպիոնության հեռանկարն այլեւս կդառնա անկասելի:

Ու, եթե հանկարծ ֆուտբոլիստներից մեկը հարցնի՝ լավ, իսկ եթե այդ ամենը չեղա՞վ, եթե հակառակորդից ոչ ոք հանկարծամահ չլինի, ոչ ոք չծերանա, կամ ծերացողին փոխարինեն ինչ որ խոստումնալից եւ ուժեղ նոր երիտասարդով՝ որին անհրաժեշտ պահին դաշտ դուրս բերելու համար պատրաստում են բավականին լուռ, նրան ամբողջ թիմով դուրս վռնդեն հանդերձարանից, մեղադրելով «խաղը ծախելու» համար: Օրինակ, պայմանական:

Ընկերներ, «սրան քիչ մնաց, նրան քիչ մնաց, նավթին քիչ մնաց, գազին քիչ մնաց» մտածողության ռեժիմով ապրել շարունակելու դեպքում, կամ հանրությանն այդ մտածողության ռեժիմով ապրեցնելու դեպքում մեզ է քիչ մնալու:

Եթե անգամ հանրությունը ոգեւորվում ու գոտեպնդվում է այդ «քիչ մնացներից», ապա դա նման է ալկոհոլի ազդեցությամբ տաքանալուն, ինչը որպես կանոն կարճաժամկետ էֆեկկտ է, իսկ հիմնականն ու երկարատեւը լինում է այն, որ դրանից հետո ցուրտը լինում է առավել զգալի, քան առաջ:

Պետք է հանրությանը ապրեցնել, հանրային մտածողությունը կառուցել սեփական ներուժի ելակետով, եւ դրա համար չխորշել նաեւ խոսել սեփական բացերի, վրիպումների, թերությունների մասին, չխորշել խոսել մարտահրավերների ու խնդիրների մասին, փնտրելով դրանց հակազդելու նախ եւ առաջ սեփական ներուժը, այդ ներուժը համակարգայնացնելու, ինստիտուցիոնալացնելու հնարավորությունը, ընդ որում անկախ, թե արտաքին աշխարհում ով կմեռնի, ով կմնա ողջ, ում գազը կավարտվի, ում նավթը կթափվի ծովը»։

Տեսանյութեր

Լրահոս