
Գերմանիայում պողպատ արտադրող ամենամեծ ընկերության պահեստն այրվում է ավելի քան 30 ժամ

Գերմանիայում՝ Սաարլանդի Վոլկլինգեն քաղաքի մոտ ավելի քան 30 ժամ այրվում է Գերմանիայի պողպատի խոշորագույն արտադրողի՝ ThyssenKrupp ընկերության պահեստը։ Այդ մասին տեղեկացնում է «Bild» պարբերականը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է օգոստոսի 15-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը հինգին և դեռևս չի հաջողվել մարել ավելի քան 200 փրկարար և հրշեջ ծառայության աշխատակիցների ներգրավմամբ։ Նշվում է, որ ծուխը հասել է 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սաարբրյուկեն քաղաք։Ականատեսների վկայությամբ՝ սկզբում հրդեհը բռնկվել է պահեստի դիմացի տարածքում։ Հավանաբար, այդտեղ կաթսան բռնկվել է։ Մինչ փրկարարների ժամանելը հրդեհը տարածվել էր ամբողջ շենքի վրա։
ThyssenKrupp ընկերությունը Գերմանիայի խոշորագույն արդյունաբերական կոնցեռններից մեկն է: Այն նաև պողպատի և մետաղամշակման մեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողն է:
Ընկերության աշխատակիցների թիվը, հունիսի 30-ի դրությամբ, կազմել է 97 860: