
Ուկրաինան Կուրսկում զինվորական հրամանատարության գրասենյակ է հիմնել

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին զեկուցել է ՌԴ Կուրսկի մարզում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում զինվորական հրամանատարության գրասենյակ հիմնելու մասին։
Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։
Սիրսկին նշել է, որ Սուջայում և երեք այլ բնակավայրերում ավարտվել է հակառակորդի ուժերի որոնումը և ոչնչացումը։
«Վերահսկվող տարածքներում կարգուկանոնը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար ստեղծվել է զինվորական հրամանատարության գրասենյակ։ Դրա ղեկավար է նշանակվել գեներալ-մայոր (Էդուարդ) Մոսկալևը», – ասել է Սիրսկին:
Նա հայտնել է նաև, որ Կուրսկի մարզում գործողության սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները առաջ են շարժվել 35 կմ խորությամբ, իրենց վերահսկողության տակ են վերցրել 82 բնակավայր և 1150 քառ. կմ տարածք։Ուկրաինական ուժերը Ռուսաստանի Կուրսկի մարզ են ներթափանցել օգոստոսի 6-ին։ Զելենսկին դա պաշտոնապես հաստատել է օգոստոսի 12-ին։
Ըստ ուկրաինական կողմի՝ գերի է վերցվել 100-ից ավելի ռուսաստանցի զինծառայող, որոնց թվում են նաև «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները։
Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են Կուրսկի մարզի տարբեր բնակավայրերից։
Սուջայում է գտնվում գազային հանգույց, որով Ռուսաստանից գազն Ուկրաինայի տարածքով հասնում է Եվրոպա։ Սա տեղիք է տվել ենթադրությունների, որ Կիևի նպատակներից մեկը կարող է լինել Մոսկվային ֆինանսավորման շահութաբեր աղբյուրից զրկելը։