Հիմա որ երկիր է գործուղվելու Վլադիմիր Կարապետյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մի քանի օր առաջ գրել էինք, որ ավելի քան երկու ամիս է՝ լրացել է Ուկրանիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը։

Բանն այն է, որ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան է նշանակվել 2021 թվականի հունիսի 1-ին, ընդ որում՝ պաշտոնական հրամանագրում հստակ նշվել է՝ երեք տարով, ինչը նշանակում է, որ ավելի քան երկու ամիս է` դադարել են նրա լիազորությունները, սակայն ոչ հետկանչի, ոչ պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու մասին նոր հրամանագիր չի ստորագրվել, եւ Ուկրաինայում մեր դեսպանը, ըստ էության, անօրինական հիմունքներով է աշխատում՝ առանց համապատասխան իրավական հիմքի։

Մենք դիմել էինք ԱԳՆ մամուլի խոսնակին, ով խոստացել էր «պատասխան լինելուն» պես արձագանքել:

Մի քանի օր է անցել, բայց պատասխան ստանալու մեր փորձերը շարունակում են անարդյունք մնալ։

Իրականում մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին մտադիր են տեղափոխել Իտալիա` ՀՀ դեսպան, ագրեմանն ուղարկել են, սպասում են հաստատմանը: Եվ այս հանգամանքով է պայմանավորված ԱԳՆ-ի լռությունը, նաեւ այն, որ պաշտոնավարման ժամկետը չեն երկարացնում եւ հետ չեն կանչում, սպասում են Իտալիայի իշխանությունների պատասխանին: Եթե հաստատում ստանան, ապա Վլադիմիր Կարապետյանը կգործուղվի Իտալիա, եթե ոչ, ապա երկարաձգելու մասին հրամանագիր կստորագրվի»։

Տեսանյութեր

Լրահոս