«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում է
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը Երևանում հյուրընկալեց ղազախական «Օրդաբասի»-ին:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով և «Փյունիկ»-ի գրոհներն առավել վտանգավոր էին: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում «Փյունիկ»-ն առավել մեծ ուժերով էր գրոհում: Եվ ի վերջո, Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգտագործեց իր հնարավորությունը: 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Օտուբանջոն:«Փյունիկ»- «Օրդաբասի»` 1:0: Թիմերի առաջին խաղում էլ «Փյունիկ»-ը հաղթել էր նվազագույն հաշվով: Երկու խաղերի ընդհանուր 2:0 հաշվով Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ դուրս եկավ «Փյունիկ»-ը: Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին և 29-ին: