
2024 թվականի հուլիսը Հայաստանում ամենատեղումնառատն է եղել՝ վերջին 57 տարիների ընթացքում

Հուլիսն ամենախոնավն էր վերջին 57 տարիների դիտարկումների պատմության մեջ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Իրականցված դիտարկումների համաձայն՝ այս տարվա հուլիսին դիտված տեղումների քանակն ավելի քան 190%-ով գերազանցել է տվյալ ամսվա նորման։
Հուլիսին դիտված տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 84․4մմ, որն իր ծավալով յոթերորդն է՝ սկսած 1935 թվականից և ամենաշատն է՝ 1965 թվականի հուլիսից հետո։
Անձրևներ են դիտվելամսվա բոլոր տասնօրյակներին։
Տեղումների քանակը համեմատաբար սակավ է եղել հուլիսի երկրորդ տասնօրյակում, իսկ երրորդ տասնօրյակը ամենատեղումնառատն էր։
Օդի ջերմաստիճանը հուլիսին նորմայի սահմաններում էր՝ փոքր-ինչ դրական շեղումներով։ Տեղումների ամսական քանակը ավելի էր նորմայից Հանրապետության տարածքի մեծ մասում, իսկ Արարատյան դաշտում, Տավուշում և Գեղարքունիքում տեղումների ամսական քանակը տեղ-տեղ գերազանցել է նորման 2-3 անգամ։
Առանձին օրերի հորդառատ անձրևներ են տեղացել Տավուշի, Լոռվա և Կոտայքի մարզերում՝ մի քանի ժամվա ընթացքում՝ 30-44մմ։