
Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

Իրանցի ոստիկանները չեզոքացել են երեք հանցագործների, որոնք չորս օտարերկրացի պատանդ էին վերցրել Թեհրանում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Թեհրանի իրավակարգի պահպանության ուժերի մամուլի ծառայությունը։
«Իմանալով չորս օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին՝ ոստիկաններն անհապաղ ձեռնարկել են միջոցներ և ամենակարճ ժամկետում պարզել զավթիչների գտնվելու վայրը: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել երեք զավթիչներին ուղղակի մարտական բախման ընթացքում, պատանդներն ազատ են արձակվել», – հայտնել է գերատեսչությունը։
Ըստ World Population Review վիճակագրական կազմակերպության լրատվական հարթակի տեղեկատվության՝ 2024 թվականին Իրանը ներառվել է հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող 60 երկրների ցանկում։ Իսլամական հանրապետությունում այդ ցուցանիշը 49,8 է. այն արտացոլում է կատարված ցանկացած տեսակի հանցագործությունների քանակը երկրի 100 000 բնակչի հաշվով: