Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Գազայում հրադադարի շուրջ գործարքը. Axios
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ համաձայնությունը։ Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Axios-ը գրում է, որ Իսրայելի վարչապետի վարչակազմը «չի հերքել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել», իսկ Թրամփի քարոզարշավի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ։
Ըստ լրատվամիջոցի՝ կարևոր է հենց զրույցի փաստը, քանի որ օգոստոսի 15-ին Դոհայում տեղի կունենա «բանակցությունների վճռական փուլ»՝ ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի նպատակն է հարթել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև տարաձայնությունները:
Հարթակը հիշեցնում է, որ հուլիսին Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իսրայելը պետք է հնարավորինս շուտ ավարտի պատերազմը Գազայի հատվածում և վերադարձնի պատանդներին։
։
Նեթանյահուն հաստատել է, որ Իսրայելը պատվիրակություն է ուղարկել բանակցություններին։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները միջնորդներին ասել են, որ չեն մասնակցի բանակցություններին, սակայն պատրաստ են հանդիպել ավելի ուշ՝ թարմացումներ ստանալու և տեսնելու՝ արդյոք Իսրայելը ներկայացրել է գործարքի համար լուրջ և գործնական առաջարկներ։
Գազայի հատվածում դեռ մնում է 115 պատանդ։ Հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժել էին Իսրայել՝ սպանելով 1200 մարդու, գերեվարելով շուրջ 250-ին։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը մոտենում է 40 000-ի։