ՀՀ ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հայտնել են համատեղ նախաձեռնությունների շրջանակն ընդլայնելու պատրաստակամություն
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆրանսուազ Ժակոբին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ շնորհավորելով Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների հետ համագործակցության արդի մակարդակն ու ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերին՝ կարևորելով դրանց բովանդակային ուղղությունները և արդյունավետության գնահատումը: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, կլիմայական փոփոխություններին ու դրանց հարմարվողականության ֆինանսավորման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարները:
Ըստ աղբյուրի՝ կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ամրապնդել գործընկերային հարաբերություններն ու ընդլայնել համատեղ նախաձեռնությունների շրջանակը: