ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի արձակած ԱԹՍ-ները խոցելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը սահմանամերձ երեք մարզերում խոցվել է ուկրաինական 14 անօդաչու թռչող սարք։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ 12 անօդաչու թռչող սարք խոցվել է Կուրսկի մարզում, մեկական՝ Բելգորոդի և Վորոնեժի մարզերում։
Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն իրենց առավոտյան տեղեկագրում հաղորդել են, որ գիշերվա ընթացքում ռուսական բանակը երկու բալիստիկ հրթիռ և 38 կամիկաձե անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ։ Դրանցից 30-ն, ինչպես պնդում են ուկրաինացի զինվորականները, հաջողվել է խոցել Նիկոլաևի, Վիննիցայի, Սումիի, Կիրովոգրադի, Խերսոնի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Չերկասիի մարզերում։Սումիի մարզի վարչակազմն առավոտյան հայտարարել է, որ Ռուսաստանը հարված է հասցրել Սումի քաղաքի մի քանի ենթակառուցվածքային օբյեկտների։
ՌԴ Կուրսկի մարզում արդեն մեկ շաբաթ է, ինչ մարտական գործողություններ են ընթանում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Կուրսկի մարզում վերահսկում է 1000 քառ. կմ տարածք։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի վերլուծաբանները, սակայն, կասկածանքով են վերաբերվել այս հայտարարություններին՝ նշելով, որ հազիվ թե Ուկրաինան վերահսկի ամբողջ տարածքն իր հայտարարած սահմաններում։
Իսկ Կուրսկի իշխանությունները հայտնել են, որ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ է անցել մարզի 28 բնակավայր։