Ռուսաստանը և Ուկրաինան Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար մեղադրել են մեկը մյուսին
Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, որի համար Մոսկվան և Կիևը մեղադրում են մեկը մյուսին։ Երկու կողմից էլ հայտարարել են, որ ճառագայթման մակարդակը չի բարձրացել։
«Ռոսատոմ» ընկերությունը հայտարարել է, որ ատոմակայանում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ուկրաինան հարվածային անօդաչու թռչող սարքերով երկու ուղիղ հարված է իրականացրել Զապորոժիեի ատոմակայանին՝ տեղական ժամանակով ժամը 20։20-ին և 20։32-ին։ Մինչև ժամը 23։30 հիմնական հրդեհը հաջողվել է մարել։ Սակայն լրջորեն վնասվել է ատոմակայանի հովարանը։Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այրվող ատոմակայանից բարձրացող ծխի լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ հրդեհն առաջացրել են «ռուսական օկուպանտները»։
Ուկրաինայի «Էներգոատոմ» ընկերությունը հայտարարել է, որ հրդեհի պատճառ է դարձել Ռուսաստանի անփութությունը կամ հրկիզումը։ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին Կիևին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարություն է տարածել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանում բռնկված հրդեհի առնչությամբ՝ առանց հարձակման մեջ կողմերից որևէ մեկին մեղադրելու։
«Այս հարձակումները վտանգում են ատոմակայանի միջուկային անվտանգությունը և մեծացնում միջուկային վթարի վտանգը։ Դրանք պետք է հենց հիմա դադարեն», – հայտարարել է նա։ Գրոսին նաև հայտարարել է, որ գործակալությունը պետք է անմիջապես մուտք գործի հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար։