
Մեծ Բրիտանիայի մի շարք քաղաքներում տեղի կունենան ռասիզմի դեմ բողոքի ցույցեր

Մեծ Բրիտանիայում միգրանտների և մուսուլմանների դեմ մի քանի օր շարունակվող անկարգությունների ֆոնին բազմաթիվ խոշոր քաղաքներում տեղի կունենան ռասիզմի դեմ ցույցեր:
Այդ մասին օգոստոսի 10-ին հայտնել է Sky News պարբերականը։ «Ռասիզմի դեմ բողոքներն այսօր տեղի կունենան ամբողջ երկրում», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իրավապահ ուժերին կոչ է արել այս հանգստյան օրերին բարձր պատրաստվածություն պահպանել՝ բողոքի ակցիաների ժամանակ հերթական անկարգությունների դեպքում:
Բողոքի ցույցերը Միացյալ Թագավորության տասնյակ քաղաքներում արդեն շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Խռովությունների առիթ է դարձել հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունը, որի հետևանքով երեք աղջիկ է զոհվել, ևս 8 երեխա և 2 չափահաս՝ վիրավորվել։
ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ դանակահարությունն իրականացնող 17-ամյա երիտասարդի ծնողները Ռուանդայից են: