Կուրսկում տեղի ունեցողը Ուկրաինայի համար ավելի շատ PR օպերացիա է․ Ռազմական փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի հարձակումը ավելի շատ քաղաքական գործողություն է համարում։
«Հայոց արևմտամետներն ու ռուսամետներն ուշադրության հետևում են Կուռսկի մարզում իրադարձություններին. ուկրաինական զինուժը մտել է ՌԴ Կուրսկի մարզ, և քանի օր է՝ ռուսական զորքը չի կարողանում հակառակորդին դուրս մղել այնտեղից։
Ուկրաինացիների առաջխաղացումն այս պահին կարծես թե կանգնել է, բայց դա, հնարավոր է, պայմանավորված է առաջին հերթին ուկրաինացիների լոգիստիկ դժվարություններով, քան ռուսական կողմի գործողություններով։
Այնուամենայնիվ, սա ուկրաինացիների ավելի շատ PR օպերացիա է, քան թե լուրջ փորձ իրավիճակը բեկելու, քանի որ ռազմաճակատի, այսպես ասած, «ավանդական հատվածներում» ռուսական հարձակումը շարունակում է ընթանալ մի քանի ուղղություններով, և ուկրաինացիների վիճակը գնալով ավելի ու ավելի է մոտենում աղետալիի…
Չեմ կարող իսպառ բացառել, որ ուկրաինացիներն ինչ-որ խորը թաքնված տեղերում նոր ուժեր են պատրաստում ու կուտակում ևս մեկ անսպասելի հարված հասցնելու համար, բայց ներկա պատկերը հակառակի մասին է խոսում. Կուրսկի մարզ ներխուժումն ավելի շատ քաղաքական գործողություն է, քան ռազմական, ու այն իրականացվում է ռազմաճակատի այլ հատվածներում՝ ուկրաինացիների համար խիստ անհրաժեշտ ուժերի հաշվին»,- սոցցանցի իր էջում գրել է փորձագետը։