Հնդկաստանի քաղաքացիները Երևանում նվաստացրել են համերկրացուն և փող շորթել նրանից. ՔԿ
Հնդկաստանի 2 քաղաքացիներ նվաստացրել են 43-ամյա համերկրացուն և գումար հափշտակել նրանից։ Հանցագործությունը կատարած անձինք կալանավորվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին, որը բնակվում է Երևանում, հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, հաղորդում է տվել երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, նվաստացնելու վերաբերյալ:
Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվել է Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում։
Հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, նրանք միասին ալկոհոլ են օգտագործել և այդ ընթացքում վիճաբանել կրոնական հարցի շուրջ։
43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին տիրանալու նպատակով մյուս երկուսը սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին, հանել են հագուստը, հայտնաբերել 500 դոլար գումար և հափշտակել այն։ Այնուհետև երկու տղամարդիկ, կապելով նրա ձեռքերն ու ոտքերը, կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել 43-ամյա տղամարդուն։
Նրանք տևական ժամանակ տղամարդուն ապօրինի զրկել են ազատությունից, զանգահարել են նրա ազգականին և պահանջել 500 դոլար, որպեսզի ազատ արձակեն տղամարդուն։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: