ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը շահագրգռված է Իսրայելի հետ գործարք կնքելու հարցում՝ նախքան Իրանի գրոհը. ԶԼՄ-ներ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար Յահյա Սինվարը շահագրգռվածություն է արտահայտել հրադադարի և պատանդների ազատման շուրջ Իսրայելի հետ գործարքի հասնելու հարցում՝ նախքան Իրանի հետ իրադրության սրումը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը զրուցել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրների հետ, ըստ որոնց՝ Սինվարը երկար ուղերձ է հղել Գազայի հատվածի սահմաններից դուրս գտնվող շարժման ղեկավարության ներկայացուցիչներին։ Ուղերձում Սինվարը նրանց կոչ է արել Իսրայելի հետ համաձայնության հասնել հրադադարի շուրջ մինչև Իրանի կողմից հնարավոր գրոհը։
Ինչպես նշել են հեռուստաալիքի աղբյուրները, շարժման նոր առաջնորդը լավ հարաբերություններ չունի Թեհրանի հետ, բացի այդ, նա հանդիպում է ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավարության լուրջ ճնշմանը։ Նրանց տվյալներով՝ իր ուղերձում Սինվարը նաև ղեկավարության՝ Կատարում գտնվող անդամներին կոչ է արել չմիջամտել Իսրայելի հետ բանակցային գործընթացին։Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, վկայակոչելով արաբական կողմից բանակցությունների մասնակիցների, հաղորդել է, որ Սինվարի ընտրվելը ՀԱՄԱՍ-ի առաջնորդ կարող է բարդացնել Իսրայելի հետ հաշտության բանակցությունները:
Ըստ թերթի վարկածի՝ նա «կոշտ գիծ» և «մաքսիմալիստական դիրքորոշում» կբռնի, որպեսզի Իսրայելին ստիպի գնալ փոխզիջման։ Իրենց հերթին Իսրայելի աջակողմյան քաղաքական գործիչները, ինչպես գրում է հրատարակությունը, պնդում են, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժը լիակատար ոչնչացվի, իսկ Սինվարը՝ սպանվի։
Ավելի վաղ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչով պատվիրակություն կուղարկի օգոստոսի 15-ին Գազայի հատվածի շուրջ բանակցություններին: