
Բուլղարիայում կձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հանձնարարել է Հաշվիչ պալատի փոխնախագահ Գորիցա Գրանչարովա-Կոժարևային ձևավորել երկրի տեխնիկական (ժամանակավոր) կառավարություն:
Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
Մինչ այս տեխնիկական կառավարության նախկին նախագահ Դիմիտար Գլավչևը հրաժարվել էր ձևավորել նախարարների հերթական ժամանակավոր կաբինետ։ Գլավչևը ղեկավարում է Բուլղարիայի Հաշվիչ պալատը, սակայն ժամանակավոր վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում աշխատանքի հիմնական վայրում նա գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։Սպասվում է, որ Գրանչարովա-Կոժարևան կաբինետը կձևավորի մինչև օգոստոսի 19։ Նրա տեխնիկական կառավարությունը կաշխատի մինչև երկրում հերթական վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները։
Ռադևն ընտրությունների ամենահարմար ամսաթիվը համարում է հոկտեմբերի 20-ը։ Ընտրությունների անցկացման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ խորհրդարանի ներկայիս կազմի երեք հիմնական քաղաքական ուժերին չի հաջողվել կառավարություն ձևավորել հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով։
Գրանչարովա-Կոժարևան Բուլղարիայի պատմության մեջ երկրորդ կինն է, որը գլխավորում է կառավարությունը։ Նախագահ Ժելյու Ժելևի օրոք առաջինը եղել է Ռենետա Ինջովան` 1994 թվականին։Բուլղարիայում իշխանության ճգնաժամը շարունակվում է 2021 թվականից։ Այս ընթացքում երկրում փոխվել է վեց կառավարություն։