
Ճապոնիայի վարչապետը չեղարկել է այցը Ղազախստան և Ուզբեկստան՝ երկրաշարժի սպառնալիքի պատճառով

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չեղարկել է կենտրոնասիական շրջագայությունը, որի ընթացքում պետք է մասնակցեր Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ Ղազախստանում նախատեսված հանդիպմանը։ Այս մասին Կիսիդան հայտնել է լրագրողների հետ զրույցում։
«Որոշում է կայացվել չեղարկել այցերը Կենտրոնական Ասիայի երկրներ և Մոնղոլիա», – Կիսիդայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ճապոնիայի վարչապետը հավելել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր ջանքերը կուղղվեն իրավիճակի մոնիթորինգին և Նանկայի ճեղքում հնարավոր հզոր երկրաշարժի նախապատրաստմանը։
Կիսիդան պետք է օգոստոսի 9-10-ին պաշտոնական այց կատարեր Ղազախստան և մասնակցեր «Կենտրոնական Ասիա + Ճապոնիա» երկխոսության առաջին գագաթնաժողովին։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ նրա բանակցությունները նախատեսված էին օգոստոսի 10-ին։
Բացի այդ, շրջագայության ընթացքում Կիսիդան մտադիր էր այցելել Ուզբեկստան և Մոնղոլիա: